ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի
ՔաղաքականԱՄՆ-ի և Իրանի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցվել է կիրակի օրը և առաջիկայում պաշտոնապես կստորագրվի՝ հավանաբար ուրբաթ օրը, և ավելի ուշ որոշվելիք վայրում։ Միաժամանակ կսկսվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով», - ասել է նա Իրանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։