Թուրքիայում կառուցվող ջրամբարը ջրի տակ կթողնի հին հայկական մի քանի գյուղեր. թուրքական ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԹուրքիայի տարածքում գտնվող մի շարք պատմական հայկական բնակավայրերն ու գյուղերը թուրքական կառավարության կողմից կառուցվող Ըլըսու ջրամբարի կառուցման ավարտից հետո կմնան ջրի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական batmancagdas.com-ը: Հայկական բնակավայրերից բացի, կոչնչանան նաև քելդանիներին, եզդիներին, ասորիներին պատկանող բնակավայրերը:
Ոչնչանալու վտանգի տակ են հին հայկական Գարզան, Հոբի Խըրբե և այլ գյուղերը, որոնք արդեն վաղուց հայազրկված են և անվանափոխված: Տեղի բնակավայրերից է նաև Հոլիքե-Դերդև բնակավայրը: Տեղացիները պատմում են, որ այն նախկինում հայերին է պատկանել և կոչվել է Դեր Դև' անունն առնելով տեղի հայկական եկեղեցուց, որից այժմ ոչ մի հետք չի մնացել: Թեպետ տեղացիները դեռևս հիշում են գյուղի նախկին անվանումը, այդուհանդերձ այժմ այն կոչում են Հոլիքե Մևքիի:
Այս վայրերում ներկայում բնակվում են քոչվոր ապրելակերպ ունեցող ժողովուրդները: Նշվում է նաև, որ այստեղ կա նաև քրիստոնեական դամբարան: