ԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումը
Քաղաքականիր տելեգրամյան էջում գրում է․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։
Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։
Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։
Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից։
ԼՀԿ կառավարման խորհուրդ
07.08.2026թ. Երևան, ՀՀ