Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարցը միշտ էլ եղել է հայկական հասարակության քաղաքական և հասարակական քննարկումների կենտրոնում, սակայն վերջին շրջանում այն ձեռք է բերել առավել սուր և լարված բնույթ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն երկկողմ օրակարգի առանձին հարցերին, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր կողմնորոշմանը, անվտանգային համակարգին, տնտեսական զարգացման հեռանկարներին և պետության ռազմավարական ընտրությանը։ Այս համատեքստում անհրաժեշտ է սառնասրտորեն, առանց էմոցիաների վերլուծել, թե ինչու են Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր, ինչու է դրանցում առաջացած լարվածությունը վտանգավոր, և ինչու է հստակեցման կարիքը դարձել անհետաձգելի։
Նախ՝ պետք է արձանագրել մի ակնհայտ ճշմարտություն. Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե քաղաքական նախասիրության կամ կոնյունկտուրայի հարց է, այլ օբյեկտիվ իրողությունից բխող անհրաժեշտություն։ Եվ դա պայմանավորված է մի ամբողջ համալիր գործոններով, որոնք անհնար է անտեսել կամ մեկ օրում վերացնել։ Առաջին հերթին դա աշխարհագրական դիրքն է։ Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում՝ բարդ և անկայուն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը պատմականորեն եղել և շարունակում է մնալ ազդեցիկ խաղացող։ Անկախ նրանից՝ որևէ մեկին դուր է գալիս այդ փաստը, թե ոչ, աշխարհագրությունը չի փոխվում, և ցանկացած լուրջ արտաքին քաղաքականություն պետք է հաշվի առնի այդ իրողությունը։ Տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների բազմազանությունը ստիպում է Հայաստանին կառուցել իր անվտանգային ճարտարագիտությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ուժային բաշխվածությունը, որում Ռուսաստանը անկասկած կարևոր տեղ ունի։
Երկրորդ կարևոր գործոնը տնտեսական փոխկապակցվածությունն է, որի խորությունը հաճախ չտեսնելու է տրվում։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, և դա ոչ թե պատահականություն է, այլ տասնամյակների ընթացքում ձևավորված կառուցվածքային իրողություն։ Հայաստանի արտահանման զգալի մասը ուղղված է ռուսական շուկա՝ հատկապես գյուղատնտեսական մթերքի, սննդամթերքի, արդյունաբերական որոշ ապրանքատեսակների դեպքում։ Հայաստանի տնտեսությունը միացած է Եվրասիական տնտեսական միության շուկային, ինչը ստեղծում է որոշակի կախվածություններ, նաև բացում է նոր հնարավորություններ։ Բացի այդ, հարյուր հազարավոր հայաստանցիներ աշխատում են Ռուսաստանում, և նրանց դրամական փոխանցումները երկար տարիներ եղել են Հայաստանի տնտեսության կարևոր աջակցության աղբյուրներից մեկը։ Էներգետիկ ոլորտում կախվածությունն էլ ավելի խոր է. հայկական գազամատակարարման համակարգը, Ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, էներգետիկ ենթակառուցվածքի զգալի մասը կապված են ռուսական կողմի հետ։ Այս պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կամ անկումը կարող են ունենալ անմիջական և ծանր հետևանքներ Հայաստանի ու հայաստանցիների ամենօրյա կյանքի համար՝ սկսած գների աճից մինչև զբաղվածության և սոցիալական կայունության խնդիրներ։
Երրորդ գործոնը պատմական արմատներն ու մշակութային կապերն են։ Հայ-ռուսական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն, ու թեև այդ պատմության մեջ եղել են տարբեր շրջաններ՝ ինչպես դրական, այնպես էլ հակասական, անհնար է ժխտել, որ երկու ժողովուրդների միջև ձևավորվել են խոր մարդկային, մշակութային, կրթական և հոգևոր կապեր։ Ռուսերենի տարածվածությունը, ռուսական կրթության և մշակույթի ազդեցությունը, ընտանեկան և անձնական կապերի խիտ ցանցը ստեղծում են մի հատուկ հարթություն, որը չի կարելի անտեսել։
Եվ, վերջապես, շատ կարևոր գործոն է Ռուսաստանում բնակվող ստվար հայկական համայնքի առկայությունը, որը միլիոնավոր մարդկանց է ներառում։ Սա ոչ միայն մարդկային և սոցիալական չափում ունի, այլև քաղաքական, քանի որ Սփյուռքի վիճակը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը ուղղակիորեն կապված են Հայաստանի և տվյալ երկրի հարաբերությունների որակի հետ։
Սակայն հենց այս օբյեկտիվ կարևորության ֆոնին է առավել ցավալի և մտահոգիչ դառնում այն իրավիճակը, որում հայ-ռուսական հարաբերությունները հայտնվել են վերջին տարիներին։ Լարվածությունը հասել է այնպիսի մակարդակի, որն արդեն անհնար է ծածկել դիվանագիտական ընդհանուր ձևակերպումներով կամ արարողակարգային հանդիպումներով։ Ցուցիչ է այն հանգամանքը, որ Ռուսաստանը սկսել է կիրառել գործնական սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքի արտահանման ոլորտում։ Երբ քաղաքական տարաձայնությունները սկսում են արտահայտվել տնտեսական ճնշումների լեզվով, դա ակնհայտ ազդանշան է, որ հարաբերությունները դուրս են եկել իրենց հունից։ Դաշնակցային համարվող հարաբերություններում տնտեսական գործիքների օգտագործումը որպես ճնշման լծակ վկայում է վստահության խոր ճգնաժամի մասին։ Եվ այստեղ հարց է ծագում ոչ միայն Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, այլև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևողականության մասին։ Այստեղ նաև ի հայտ է գալիս հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի ամենահակասական կողմը։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով հայտարարում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները իրենց համար առանցքային նշանակություն ունեն, որ նրանք տրամադրված են պահպանելու և զարգացնելու այդ հարաբերությունների կառուցողական և դրական բնույթը, որ այդ նպատակով բանակցություններ են տարվում, հանդիպումներ են կազմակերպվում դրական մթնոլորտում, և որ երկկողմ օրակարգը շարունակում է մնալ ակտիվ, մյուս կողմից, սակայն, գործնական քայլերը և հայտարարությունները հաճախ հակասում են այդ պատկերին։ Հարաբերությունների վերփոխման կամ վերաձևակերպման անվան տակ իրականում նոր լարվածության աղբյուրներ են ստեղծվում, նոր «նյարդեր» են ավելացվում երկկողմ հարաբերությունների համակարգում, որն արդեն իսկ ծանր փորձությունների միջով է անցել։
Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ ո՛չ Ռուսաստանն է վստահում Հայաստանի մտադրություններին, ո՛չ Հայաստանի հասարակությունն է հասկանում, թե իրականում ինչ ուղղություն է ընտրված, և ո՛չ էլ միջազգային այլ գործընկերներն են կարողանում ճիշտ կարդալ Երևանի ռազմավարությունը։ Այս երկակիության ամենավտանգավոր դրսևորումներից մեկը դեպի Եվրամիություն ձգտելու հարցի շուրջ ծավալված գործընթացն է։ Անկասկած, Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումը ինքնին ոչ միայն օրինաչափ է, այլև ցանկալի։ Եվրոպական ինստիտուտների հետ համագործակցությունը, ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական արդիականացման, մարդու իրավունքների ոլորտում փոխգործակցությունը կարող են լուրջ ներդրում լինել Հայաստանի զարգացման համար։ Սակայն խնդիրը ոչ թե հենց մոտեցման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը և ժամանակը։ Երբ ԵՄ-ին անդամակցելու մասին պաշտոնական գործընթաց սկսելու հարցը բարձրացվում է այն պահին, երբ հայռուսական հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում, երբ Ռուսաստանն արդեն կիրառում է տնտեսական սահմանափակումներ, և երբ Հայաստանի անվտանգային միջավայրը խայտաբղետ է ու անկայուն, դա անխուսափելիորեն ընկալվում է որպես գեոքաղաքական շրջադարձի ազդանշան, անկախ նրանից, թե ինչ բացատրություններ են տրվում։
Եվ, ահա, այստեղ է, որ մանիպուլ յատիվ մոտեցումները դառնում են վտանգավոր։ Արտաքին քաղաքականությունը չի կառուցվում մանիպուլ յացիաներով, կիսաճշմարտություններով և իրավիճակին համապատասխան փոխվող հայտարարություններով։ Պետությունը չի կարող միևնույն ժամանակ ապացուցել մեկ կենտրոնին իր հավատարմությունը և մյուսին՝ իր նոր կողմնորոշումը, առանց կորցնելու երկուսի էլ վստահությունը։
Փորձը, և ոչ միայն հայկականը, ցույց է տալիս, որ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը հազվադեպ է հաջողություն բերում՝ հատկապես փոքր ու խոցելի պետությունների դեպքում։ Միջազգային հարաբերություններում հավաստիությունը և կանխատեսելիությունը ոչ պակաս արժեք են, քան ճկունությունը։ Երբ պետության արտաքին քաղաքականությունը դառնում է անընթեռնելի, երբ գործընկերները չեն կարողանում հասկանալ, թե որն է նրա ռազմավարական ընտրությունը, սկսում են աշխատել ամենավատ սցենարների տրամաբանությամբ։ Ռուսաստանը, տեսնելով Երևանի եվրոպական ձգտումները, ավելի կկասկածի, իսկ Եվրոպական միությունը, տեսնելով Հայաստանի շարունակվող կախվածությունը ռուսական անվտանգային և տնտեսական համակարգերից, կզգուշանա լուրջ պարտավորություններ ստանձնելուց։ Արդյունքում Հայաստանը բոլոր կողմերը Հայաստանին կասկածամտությամբ են վերաբերվում։
Հենց այստեղից է բխում հստակեցման անհրաժեշտությունը։ Խոսքը չի վերաբերում ինչ-որ մեկի օգտին կամ դեմ վերջնական ընտրություն կատարելուն, այլ հարաբերությունների բնույթի, շրջանակների և սահմանների պարզ և անկեղծ ձևակերպմանը։
Հեռանկարային առումով Հայաստանը պետք է հստակեցնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական միության հետ իր հարաբերությունները, քանի որ երկու խոշոր կենտրոնների հետ էլ հարաբերությունները կարևոր են, իսկ տարընթերցումները նոր լարվածության օջախների ստեղծման ամենավստահելի ճանապարհն են։ Հստակեցման կարևոր մասը գործընկերների հետ անկեղծ երկխոսությունն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են՝ անվտանգային պարտավորությունների կատարման հարցերից մինչև տնտեսական սահմանափակումները, և փնտրել լուծումներ ոչ թե հրապարակային հայտարարությունների, այլ պրոֆեսիոնալ դիվանագիտության միջոցով։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միության հետ հարաբերություններում պետք է խուսափել իլ յուզիաներից. Եվրոպան չի կարող և չի պատրաստվում փոխարինել Ռուսաստանին մեր տարածաշրջանում, և դա պետք է հասկանալ սթափ։ Եվրոպական միությունը կարող է լինել ընդամենը զարգացման, բարեփոխումների և տնտեսական աջակցության գործընկեր, իսկ Ռուսաստանը էներգետիկ, տնտեսական և ռազմական առումով ուղղակի ներկայություն ունի մեր տարածաշրջանում։ Այս տարբերակումը չհասկանալը կարող է հանգեցնել ծանր ռազմավարական սխալների։
Խնդրի մյուս կողմը ներքին կոնսենսուսի ձևավորումն է։ Արտաքին քաղաքականության այսպիսի հիմնարար հարցերում իշխանությունը չի կարող գործել միայնակ՝ առանց ընդդիմության, փորձագիտական համայնքի և հասարակության լայն շերտերի հետ խորհրդակցելու։ Արտաքին քաղաքական կուրսի հստակեցումը պետք է լինի ազգային համաձայնության արդյունք, ոչ թե մեկ քաղաքական ուժի, առավել ևս՝ մեկ անձի կոնյունկտուրային որոշման։ Միայն այդ դեպքում այն կլինի կայուն և կշարունակվի անկախ իշխանափոխություններից։
Կարևոր է նաև հասկանալ, որ հստակեցումը չի նշանակում կոշտ ընտրություն մեկի օգտին և մյուսի դեմ։ Ժամանակակից աշխարհում շատ երկրներ հաջողությամբ համատեղում են տարբեր կենտրոնների հետ համագործակցությունը, բայց դա նրանց հաջողվում է ոչ թե մանիպուլ յացիաների, այլ թափանցիկության և կանխատեսելիության շնորհիվ։ Հայաստանը նույնպես կարող է ունենալ խորացված հարաբերություններ Եվրոպայի հետ և պահպանել ռազմավարական կապերը Ռուսաստանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է, որ երկու ուղղություններն էլ լինեն հստակ ձևակերպված, իրար հետ համահունչ և հասկանալի բոլոր գործընկերների համար։
Չի կարելի մի օր հայտարարել դաշնակցային հավատարմության մասին, իսկ մյուս օրը քայլեր ձեռնարկել, որոնք ընկալվում են որպես դաշնակցության խզում։ Չի կարելի խոսել եվրոպական ինտեգրման մասին՝ առանց բացատրելու, թե ինչպես է դա համատեղվում առկա պարտավորությունների և կախվածությունների հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում