Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ
ՀասարակությունԲյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և տեսչական մարմնի կողմից ստուգված բոլոր հասցեներում ջրի քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի շրջանակում։
Ջրային կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ ջրավազանում մինչև քլորացման փուլը մանրէների առկայություն արձանագրվել է, սակայն ջուրը համակարգ մուտք գործելուց առաջ քլորացվում է։ Քլորացումից հետո վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել։
Ղալամքարյանի գնահատմամբ՝ եթե խնդիրն առկա լիներ կենտրոնացված ջրամատակարարման համակարգում, վարակները զանգվածային բնույթ կկրեին և կարձանագրվեին ոչ միայն Բյուրեղավանում, այլև նույն համակարգից սնվող մյուս բնակավայրերում։
Նա նաև հայտնել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է արագացված կարգով Բյուրեղավանի համար նոր ջրագիծ կառուցել և քաղաքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։
Ըստ Ղալամքարյանի՝ համայնքապետարանը ևս պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով նորոգելու և արդիականացնելու ներտնային ու ներտնտեսային ցանցերը։
Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ 24-ժամյա ջրամատակարարումը թույլ կտա խողովակներում ապահովել մշտական ճնշում և բարձրացնել ջրի որակի պահպանման հուսալիությունը։