Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշումներում։ Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ Թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
2026 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ հավաստագիր է ստացել 8870 ընտանիք, որից 5224-ն իրացրել է այն։ Հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված՝ Արցախից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ տեղահանված անձանց ներկայացրած առաջարկությունների փաթեթի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում արձանագրված որոշ խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացնել փոփոխություններ։
Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները՝ ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում։ Ներկայում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին, քանի որ ակնկալվում էր, որ այդ ժամկետից հետո ընտանիքներն անշարժ գույքը պետք է ձեռք բերեն հավաստագրով։ Սակայն գործնականում շատ են դեպքերը, երբ շահառուները քաղաքացիության ստացման հետ կապված խնդիրների պատճառով չեն կարողանում ժամանակին դիմել ծրագրին և ստանալ հավաստագիրը, բայց ցանկանալով օգտվել եկամտահարկի վերադարձի աջակցությունից, առանց հավաստագրի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերում անշարժ գույք։ Արդյունքում նրանք չեն կարողանում օգտվել ծրագրի որևէ բաղադրիչից (1. ձեռքբերում, 2. կառուցապատում, 3. գործող հիփոթեքի մարում), իսկ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա նրանց օգտվել ծրագրի երրորդ բաղադրիչից, որի դեպքում աջակցության չափն ընտանիքի մեկ անդամի հաշվով 3 միլիոն դրամ է։
Սահմանել, որ դրական մնացորդը կարող է ուղղվել նաև հավաստագրով ձեռք բերված գույքի համար տրամադրված հավել յալ հիփոթեքային վարկի մարմանը։ Ներկայում այն հնարավոր է ուղղել միայն վերանորոգման վարկի ստացմանը, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։
Սահմանել նաև, որ ծրագրի շրջանակում շահառու են համարվում ծրագրին դիմելու վերջնաժամկետի օրվա՝ 2027 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքում ծնված երեխաները։ Գործող կարգով ծրագրի շահառու են համարվում 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաները, ընդ որում՝ եթե երեխան ծնվում է հավաստագրի իրացումից հետո, ապա նրա հաշվով աջակցությունը կա՛մ իրացվում է որպես դրական մնացորդ, կա՛մ ուղղվում է հավելյալ հիփոթեքային վարկի մարմանը։
Հստակեցնել, որ վարկի գործողության ընթացքում անշարժ գույքը ենթակա չէ օտարման, ուստի անհրաժեշտություն չկա, որ ձեռքբերման նախապատվության իրավունքը պատկանի պետությանը։ Իսկ օտարելու դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, և այստեղ նույնպես պետությանը ձեռքբերման նախապատվության իրավունք շնորհելու անհրաժեշտություն չկա։
Հստակեցնել, որ հայր ծնողը կարող է դիմում-հայտարարության մեջ չներառել իր անչափահաս երեխաներին ոչ միայն ամուսնալուծության, այլ նաև հայրության ճանաչման դեպքում, եթե առկա չէ դատարանի որոշում առ այն, որ երեխան պետք է ապրի իր հետ։ Նախորդիվ խնդիրը կարգավորվել էր ամուսնալուծված ծնողների դեպքում, սակայն իրավակիրառ պրակտիկայում արձանագրվեց, որ նույն խնդիրն առկա է նաև հայրությունը ճանաչած ծնողների դեպքում, որոնք ցանկանում են դիմում-հայտարարությունը լրացնել արդեն նոր ընտանիքի՝ գրանցված ամուսնության և այդ ամուսնությունից ծնված երեխաների հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում