Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեյսմոգրաֆը (հին հունարենից թարգմանաբար՝ երկրաշարժի արձանագրում) երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում տատանումները չափելու և գրանցելու միջոց է։ Օգտագործվում է սեյսմոլոգիայում։
Առաջին սեյսմոգրաֆը հորինել է Չժան Հենը 132 թվականին Չինաստանում։ Նրա սեյսմոգրաֆն ուներ բեռնվածք, որը տեղադրված էր զսպանակային կախոցի վրա, որը երկրաշարժի ժամանակ մնում է անշարժ, մինչդեռ սարքի մնացած մասը (մարմինը, հենարանը) սկսում էր շարժվել և տեղաշարժվել բեռի տատանումներին համապատասխան: Նշենք, որ որոշ սեյսմոգրաֆներ զգայուն են հորիզոնական շարժումների նկատմամբ, մյուսները՝ ուղղահայաց:
Առաջին սեյսմոգրաֆները եղել են մեխանիկական։ Դրանցում բեռի համեմատ մարմնի թրթռումները ավելացվել են լծակների օգնությամբ և փոխանցվել գրիչին, որը թմբուկի վրա փաթաթված թղթի վրա հետքեր է թողել։ 1906 թվականին ռուս արքայազն Բորիս Գոլիցինն է հայտնագործել առաջին էլեկտրամագնիսական սեյսմոգրաֆը՝ հիմնված էլեկտրամագնիսական ինդուկցիայի ֆենոմենի վրա։ Նման սեյսմոգրաֆում բեռին կցվում է ինդուկտիվ կծիկ, որը, երբ մարմինը տատանվում է, շարժվում է դրան կցված մագնիսների համեմատ։ Այս դեպքում առաջանում է էլեկտրական հոսանք, որի թրթիռներն էլ գրանցվում են լուսանկարչական թղթի վրա՝ գրիչի փոխարեն օգտագործելով հայելիով գալվանոմետրը։
Միկրոէլեկտրոնիկայի և քվանտային օպտիկայի արագ զարգացումը ներկայում հանգեցրել է ավանդական մեխանիկական սեյսմոգրաֆների լուրջ մրցակիցների առաջացմանը սպեկտրի միջին և բարձր հաճախականության շրջաններում: Այնուամենայնիվ, միկրոսարքերի տեխնոլոգիայի, օպտիկամանրաթելային կամ լազերային ֆիզիկայի վրա հիմնված նման սարքերը շատ անբավարար բնութագրեր ունեն ինֆրացածր հաճախականությունների շրջանում (մինչև մի քանի տասնյակ Հց), ինչը խնդիր է սեյսմոլոգիայի համար:
Համակարգիչների և անալոգային թվային փոխարկիչների հայտնվելով՝ սեյսմիկ սարքավորումների ֆունկցիոնալությունը կտրուկ աճել է: Այժմ հնարավոր է միաժամանակ գրանցել և վերլուծել մի քանի սեյսմիկ սենսորների ազդանշանները իրական ժամանակում և հաշվի առնել ազդանշանային սպեկտրները: Սա հիմնարար թռիչք է ապահովել սեյսմիկ չափումների տեղեկատվական բովանդակության մեջ: Ընդ որում, էլեկտրոնային սեյսմոգրաֆները (առանց թղթային ժապավենի) արդյունքները գրանցում են հիշողության պահեստավորման սարքերում։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում