Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորվում եմ նաև ես, այսքանը»,- հուզված խոսքն ավարտեց Սրբուհի Գալ յանը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ իր, իր երեխաների, ընտանիքի անդամների հասցեին անեծքներ են հնչել…
Միանգամից ու կտրուկ պետք է ընդգծենք, որ շատ վատ են վարվել նրանք, ովքեր նման բաներ են ասել: Շատ վատ են վարվել: Դա անթույլատրելի է: Ու, կարծում ենք, անիծողներն էլ հեռատես մարդիկ չեն, քանի որ ցանկացած անեծք նաև հետադարձ ուժ ունի: Առհասարակ, այդ առումով քննարկելու բան չկա:
Բայց կան հարցեր: Կան իրողություններ:
Բանտում մարդ է մահացել: Մարդ, ում հանիրավի մեղադրել են, ավելին՝ քպական կոնկրետ գործիչներ, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը շարունակում է հրապարակավ վարկաբեկել արդեն մահացած մարդուն: Ու դա, ամենայն հավանականությամբ, անում է, որպեսզի արդարացնի… մարդուն մահվան մատնելը: Եվ նույն արդարադատության նախարարն իր համաիշխանավոր գործընկերոջը, նաև որպես իրավունքից ու անմեղության կանխավարկածից մասնագիտորեն և ի պաշտոնե ավելի տեղյակ անձ, չի՛ սաստում: Չի ասում՝ այս ինչեր եք խոսում:
Այո, շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ինչպես նշել էր Սրբուհի Գալյանը:
Բայց ինքը, իրենք, բոլորը պիտի գիտակցե՞ն, ի վերջո, որ առանձին-առանձին պատասխանատու և մեղավոր են կատարված ողբերգության համար: Ընդհանրապես, այն ամենի մեջ, ինչ բերում է իրենց իշխանությունը մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին:
Վատ են սովորել փաշինյանական պաշտոնյաները, որ նույնիսկ ընդդիմությունն է ընդհանրական ասում՝ «իշխանությունն այսպես, իշխանությունն այնպես»: Այնինչ, իշխանությունը հո վերացական ու անդեմ բա՞ն չէ: Իշխանությունը կոնկրետ պաշտոնյաներ են՝ իրենց անուն-ազգանուններով, իրենց դեմքերով: Իշխանությունն, այո, ընդհանրական սահմանում է: Ու բոլորն էլ գիտեն, կռահում կամ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պատվեր է տալիս, հրահանգում է կամ կարգադրում՝ անել այս կամ այն քայլը, նետել այս կամ այն «քարը»: Նրա դեպքում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզ է:
Բայց նրա պատվերները կատարողներ կան, չէ՞... Անվերապահ կատարողներ...
Այդ պատվեր կատարողներից մեկը, այո, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, նրա ենթակա, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն է, մյուսը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է՝ իր դատախազներով, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է՝ իր «հակակոռուպցիոներներով», մյուսը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն է՝ իր քննիչներով ու հրապարակավ արվող վարկաբեկիչ-մեղադրական, բայց դատարաններում քարուքանդ լինող հայտարարություններով, դեռ չենք խոսում ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի մասին... Ինչպես ասում են՝ և այլն, և այդպես շարունակ:
Ովքե՞ր, եթե ոչ հենց իրենք են կատարում իշխանաբուրգի «վերևից եկող» պատվերները, որոնցով ընդդիմադիր գործիչներին, կոշտ արտահայտություն կամ գրառում անող հրապարակային մարդկանց, նաև բարձրաստիճան հոգևորականներին համատարած կալանավորում ու բանտարկում են, հալածում ու վարկաբեկում են:
Լավ, դուք չեք հասկանո՞ւմ, թե՞ չեք ուզում հասկանալ, որ սարսափելի, աններելի բան եք արել. մարդուն մահվան եք հասցրել, ընտանիք եք դժբախտացրել, երեխա եք անհայր թողել, ի վերջո:
Այո, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանն են պատասխանատու և մեղավոր այն բանտային վիճակի ու բանտային պայմանների համար, որոնցում պահվում են կալանավորները, հատկապես՝ ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ պետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ու մամուլը բազմիցս գրել, փաստաբաններն ու կողմնակիցներն էլ ահազանգել են, թե ինչ խոշտանգումային պայմաններում են պահվում ինչպես երկրորդ նախագահը, այնպես էլ ընդդիմադիր այլ գործիչներն ու լիդերները: Բա ո՞վ է պատասխանատու դրա համար, եթե ոչ նախարարն ու ՔԿԾ պետը:
Այո, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն են պատասխանատու և մեղավոր Արսեն Գևորգյանին կալանավորելու, ամեն գնով կալանքի որոշման տանելու, ըստ այնմ՝ մահվան մատնելու համար: Այո, Արսեն Գևորգյանի մահվան համար մեղքը նաև մնալու է նրանց վրա: Մնալու է ցմահ: Այդպիսին է կյանքի դրվածքը:
Այո, Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատվության իր բաժինն ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ո՞վ, եթե ոչ գլխավոր դատախազը պետք է, պարտավոր է ի պաշտոնե հետևել օրինականության պահպանմանը, մանավանդ՝ ռեպրեսիվ մարմինների կողմից հետապնդումներ իրականացնելու հետ կապված:
Ի դեպ, ստացվել է այնպես, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի պետական ռեպրեսիվ, ուժային, իրավապահ (կամ ինչպես ուզում եք անվանեք) մարմինների մի մասը ղեկավարում են կանայք. ՆԳՆ՝ Արփինե Սարգսյան, գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյան, արդարադատության նախարար՝ Սրբուհի Գալ յան, ՔԿԾ պետ՝ Ծովինար Թադևոսյան...
Այո, նման բան չի եղել Հայաստանի պատմության մեջ: Բայց անկախության վերականգնումից ի վեր դժվար է հիշել մեկ այլ ժամանակապատված, երբ նշված մարմինները մարդու, մարդկային կյանքի հանդեպ լինեին այնքան դաժան, անմարդկային ու անխիղճ, անհոգի ու անպատասխանատու, որքան հիմա է: Սա ուղղակի շշմեցուցիչ իրողություն է...
Նախօրեին բոլորը, ովքեր հետևում էին ասուլիսին, տեսան Սրբուհի Գալ յանի հուզմունքը: Նախքան խոսքը կիսատ թողնելը նա ասաց, որ կարող է հասկանալ նաև ժողովրդի հույզերը, բայց պետք է սահման ճանաչել...
Պետք է: Ավելի տեղին կլիներ ասել՝ պետք էր: Ու առաջին հերթին Սրբուհի Գալ յանը դա իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանին պիտի ասեր...
Լսեք, ախր, այդքան ատելություն, այդքան չարություն, այդքան ծանակող ու վարկաբեկող արտահայտություններ, այդքան ճակատագրերի կործանումներ ու խեղումներ, այդքան չարիք ու կորուստ, որ Փաշինյանն ու իր իշխանությունը, իր իշխանավորները բերել են նույն ժողովրդի գլխին, ի՞նչ է, իրենց թվում է, թե դա չի՞ վերադառնալու: Լո՞ւրջ...
Դուք իրոք կարծում եք, թե հավերժ իշխանավոր եք լինելո՞ւ: Ցմա՞հ:
Իշխանությունն, այո, ընդհանրական է: Բայց ամեն մի որոշման, քայլի, գործողության (նաև՝ անգործության) հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ, պաշտոնական լիազորություններով: Այո, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պիտի պատասխանը տա՝ մարդկանց, հասարակության, օրենքի և Աստծո առաջ: Անհատապես...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում