Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
dw.com–ը գրում է, որ 2026 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանի ծայրահեղ աջ ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիել յանը ձերբակալվել է Facebook-ում Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառման համար: Այս միջադեպը եզակի չէ. վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների՝ հիմնվելով նրանց սոցիալական ցանցերում ակտիվության վրա: ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս ընտրովի արդարադատությունը վկայում է ժողովրդավարական սկզբունքներից տագնապալի նահանջի մասին և հրավիրում են ԵՄ ուշադրությունը այս իրավիճակի վրա:
2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխվեց 226.2 հոդվածը, որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզչությունը: Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն, «2020 թվականի Քրեական օրենսգրքի փոփոխության համաձայն, բռնության հրահրման հետ կապված հետապնդումների գրեթե 95 տոկոսը ներառել է Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, կարծես թե, նմանատիպ արձագանք չեն ունեցել»։
2026 թվականի ընտրական շրջանում Երևանում գործող անկախ վերլուծական «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հասցեին ուղղված առցանց ատելության խոսքի վերաբերյալ։ Նրանց զեկույցները փաստագրել են այն, թե ինչպես են կառավարամետ բլոգերները և ազդեցիկ սոցիալական ցանցերի օգտատերերը օգտագործել իրենց հարթակները Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց նկատմամբ օգտագործելով վիրավորական լեզու։ Բայց, չնայած այս զեկույցներին, Հայաստանի իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, ձեռնպահ են մնում այդ ակտիվիստներին հետապնդելուց։ ԵԽԽՎ–ն իր 2026 թվականի սեպտեմբերի զեկույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է «իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ ինտենսիվ ճնշման կիրառման», և կոչ է արել Հայաստանի իշխանություններին «դադարեցնել ընդդիմության ընտրողական հետապնդումը և ապահովել, որ ընտրություններին վերաբերող բոլոր ընթացակարգային կանոնները պահպանվեն»:
Երևանյան փորձագետները dw.com–ի հետ զրույցում ասել են, որ չնայած ԵՄ-ի հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերին, Բրյուսելը ձեռնպահ է մնում ընդդիմության ձայների ճնշմանն ի պատասխան կոշտ գնահատականներից:
Իսկ գերմանացի փորձագետ Ստեֆան Մեյստերը կարծում է, որ Եվրոպայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, կարծես, «հիմնականում թելադրված է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականությամբ»։ «Այսպիսով, խոսքը ոչ այնքան Հայաստանի մասին է, որքան այն ուժերի ամրապնդման մասին, որոնք խաթարում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում», - նշել է նա։
Մայստերը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շահարկում է առկա աշխարհաքաղաքական դինամիկան ներքին քաղաքական հակառակորդներին Ռուսաստանի լիազորված անձինք անվանելու համար, սակայն ոչ բոլորն են ռուսամետ, ովքեր քննադատում են Փաշինյանին։ Նա նշել է, որ «ԵՄ-ն, որոշ առումով, ընկել է այս թակարդն՝ ընդունելով այս ամենը որպես ճիշտ»։ Նրա խոսքով, Բրյուսելը ռիսկի է դիմում՝ կրկնել անցյալի սխալները, որոնք թույլ էին տրվել Վրաստանի նման երկրների հետ։
«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու հիմնարար իրավունքները կազմում են ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի հիմքը», - dw.com–ի հարցմանը գրավոր պատասխանել է ԵՄ խոսնակը,– այս շրջանակը նախատեսում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը պաշտպանելու առումով»: Պատասխանում նաև ընդգծվել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ քրեական հետաքննություններին. համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների և իրավական շրջանակի, նման հետաքննությունները պետք է իրականացվեն անաչառ՝ անկախ քաղաքական նկատառումներից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում