Սիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անիսոնի համով ալկոհոլի նորաձևության ի հայտ գալուն նպաստել է միջնադարում Չինաստանից Ռուսաստան առևտրային ճանապարհը։ Այդ ճանապարհով Եվրոպան ներմուծում էր ոչ միայն թանկարժեք գործվածքներ և արևել յան զարդանախշեր, այլ նաև ժամանակի գլխավոր գանձը՝ համեմունքները։ Հարավարևել յան Ասիայից այդ համեմունքները նախ հասնում էին Ռուսաստան, ապա տարածվում ամբողջ Եվրոպայում։ Դրանց շարքում էր աստղային անիսոնը՝ հարավային Չինաստանի բնիկ մագնոլիաների ընտանիքի ծառի պտուղը։
Քանի որ աստղային անիսոնով քարավանները առաջին անգամ ժամանում էին Սիբիր, ապա երկար ժամանակ ճանապարհորդում, եվրոպացիները աստղային անիսոնը անվանել են «սիբիրյան անիսոն»։ Ռուսաստանում այն սովորաբար կոչվում է չինական կամ աստղային անիսոն։ Քանի որ համեմունքները Ռուսաստանում այնքան թանկ չէին, որքան Եվրոպայում, դրանք, այդ թվում՝ աստղային անիսոնը, անընդհատ օգտագործվում էին առօրյա կյանքում, առավել հաճախ՝ խոհարարության մեջ։ Այն սովորաբար օգտագործվում էր որպես համեմունք մսային ուտեստների համար և, իհարկե, տարբեր թխվածքների մեջ։ Ժամանակի ընթացքում այն նաև ավելացվում է օղուն։ Այն ժամանակ օղին միայն ինքնաթոր էր, ուստի, կարևոր էր դրա տհաճ համն ու բույրը չեզոքացնելը, և դրա համար օգտագործվում էին բազմազան խոտաբույսեր, արմատներ և համեմունքներ։
Արտադրության գործընթացը հետևյալն էր։ Սկզբում սովորական հացահատիկի սպիրտը խառնվում էր տարբեր խոտաբույսերի, արմատների, հատապտուղների, համեմունքների և այլ բաղադրիչների հետ։ Այնուհետև այն թորվում էր՝ ստանալով մոտավորապես 35-45 % ալկոհոլի պարունակությամբ ըմպելիք, որն այն ժամնանակ սովորաբար կոչվում էր իր հիմնական բաղադրիչի՝ անիսոնի, սամիթի կամ քեմոնի անունով։
Անիսոնի օղին հիշատակվում է Մոսկվայի ազնվականության տոների համար նախատեսված «մենյուներում»։ Հայտնի է, որ Պետրոս Մեծը սիրում էր անիսոնի օղի։ Այն հաճախ հանդիպում է ռուս դասականների ստեղծագործություններում։ Ի դեպ, հետագայում աստղաձև անիսոնը օղու մեջ աստիճանաբար փոխարինվել է սովորական անիսոնի սերմերով, որը հովանոցավոր բույս է նմանատիպ, բայց շատ ավելի պարզ համով։ Սկզբում մարդիկ օգտագործել են չինական անիսոնով համեմված ավելի թանկ օղիները, բայց հետո սկսել են արտադրել բավականին լավ, եզակի ըմպելիք, որը ներառում էր նաև քիմիոն և կիտրոնի կեղև։ Հետևաբար, մոտավորապես 16-րդ դարից սկսած՝ Ռուսաստանում արտադրվում էր անիսոնի օղու երկու տեսակ՝ օգտագործելով տարբեր համեմունքներ։
Հեղափոխությունից հետո էլ Ռուսաստանում արտադրում էին անիսոնի համով ալկոհոլային խմիչքներ, օրինակ՝ «Անիսովկա» դառը լիկյոր՝ անիսոնով, համեմով, սամիթով և կիտրոնի կեղևով, և «Անիսոնի լիկյոր»՝ պատրաստված սովորական և չինական անիսոններով։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում ներկայում դասական անիսոնի օղին այլևս չի արտադրվում, բայց այդ բույսը պարունակող խմիչքները շատ տարածված են արտասահմանում, օրինակներն են ֆրանսիական պաստիները կամ իտալական սամբուկան։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում