Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանի ագրարային գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը մամուլի ասուլիսի ընթացքում Կենտրոնական բանկին կոչ արեց՝ սառեցնել գյուղացիական վարկերը, հատկապես արտաժույթով,- հայտնում է Orer.am լրատվական կայքը: Ըստ նրա՝ հենց դրանում է «աքիլեսյան գարշապարը»:
«Այսօրվա դրամային տատանումները շատ ծանր դրության մեջ են գցում գյուղացուն: Կան գյուղացիներ, ովքեր վարկ են վերցնում, իսկ հետո այն փակելու ժամանակահատվածում պարզվում է, որ այս անկայուն իրավիճակի հետևանքով նրանք պետք է փակեն մոտ 25 տոկոս ավելի»,-հայտնում է Բերբերյանը:
Վարկերի հարցը Բերբերյանն այսօր քննարկել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ և վարկերի սառեցման կոչը հնչեցրել է նաև նախարարի անունից:
Պարոն Բերբերյանը հորդորում է նաև, որպեսզի Ազգային ժողովի հանձնաժողովներն ուսումնասիրեն, թե ուր է գնում ԿԲ-ի կողմից ամեն օր վաճառվող մեր ազգային արտաժույթը: Բանախոսը նշում է, որ միայն երեկ 4 մլն դրամ է վաճառվել:
«Ո՞ւր են գնում այդ փողերը, ո՞ր ընկերություններն են արտահանում Հայաստանից այդ գումարները»,- հարցնում է նա:
Ըստ Հրաչյա Բերբերյանի՝ սա շատ մեծ հարված է տնտեսությանը: «Այո, գյուղացին իրավունք ունի բարձրացնել կարտոֆիլի, կաթնամթերքի գինը, բայց ո՞ւմ ենք հարվածելու, մեր ժողովրդի՞ն: Այսօր պետական և ոչ պետական աշխատողները կորցնում են իրենց աշխատավարձի 25 տոկոսը: Ես գտնում եմ, որ սրա բացատրությունը պետք է տա Կենտրոնական բանկը»,-ասում է պարոն Բերբերյանը:
Լևոն Փանոսյան