Հայաստանում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կկառուցվի. կնքվեց համաձայնագիրը
ՄիջազգայինՀայաստանի կառավարության՝ ի դեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվեց Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվում ՀՀ-ի տարածքում կառուցել երկու էներգաբլոկ, յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ: «Շինարարական աշխատանքները կմեկնարկեն շուտով: Էլեկտրակայանների կառուցման համար կպահանջվի 36 ամիս»,- ասաց Զախարյանը: Նախատեսվում է արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան:
Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը:
Ծրագրի իրականացման նպատակով կներդրվի 600 մլն դոլար: