Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիեւին:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով: Վարչապետ Աբրահամյանը եւ Սապարդուրդի Տոյլիեւը կարեւորել են Երեւանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները եւ նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հանձնաժողովի այս նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին: Միաժամանակ, ընդգծվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ նախանշված ծրագրերն իրականացվել են ու ստացել գործնական բնույթ:
Հովիկ Աբրահամյանը եւ Սապարդուրդի Տոյլիեւը նշել են, որ երկու երկրների միջեւ գոյություն ունի առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարեւորել են առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը եւ համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:
Վարչապետ Աբրահամյանը եւ Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: