Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սոցիալական, ֆիզիկական և այլ բնույթի խնդիրներից, պետք է հնարավորինս լիարժեք զգա իրեն հասարակության ներսում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ նույն հասարակության տարբեր հատվածներ՝ պետական ու մասնավոր կառույցներ և անհատներ, իրենց հնարավորությունների սահմաններում աջակցեն: Գլխավորը՝ անտարբերության պատը քանդելն է:
Նոր տարվա շեմին՝ դեկտեմբերի 24-ին, Մոսկվա կինոթատրոնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղի ունեցավ «Սուպեր մամա» ֆիլմի բարեգործական ցուցադրությունը,- տեղեկացնում է Orer.am լրատվական կայքը: Ներկաները հնարավորություն ստացան դիտելու վերջին շրջանի ամենապահանջված հայկական կատակերգություններից մեկը՝ Հայկ Մարությանի, Անի Խաչիկյանի, Գարիկ Պապոյանի և այլ ճանաչված դերասանների մասնակցությամբ:
Ներկաները նշեցին, որ իրենք շոյված են այս նվերի համար: Ըստ նրանց՝ հաշմանդամություն ունեցող մարդը չպետք է կտրվի կյանքից, տարբեր հասարակական ու մշակութային իրադարձություններից: Նրանք շնորհակալ են ֆիլմի ստեղծողներին, Հայկ Մարությանին, այս ակցիայի բոլոր կազմակերպիչներին և այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են հաշմանդամների խնդիրներով:
Նախաձեռնողներին իսկապես հաջողվել էր բարձրացնել հանդիսատեսի տրամադրությունը և մի քանի ժամով ստիպել մոռանալ իրենց դժվարությունների մասին:
Լևոն Փանոսյան