ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտարարեց, որ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ` իր գլխավորությամբ, որը պետք է ուսումնասիրեր ֆինանսական շուկայում ստեղծված խնդիրները:
Աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել են:
«Փոխարժեքը կայունացել է, փոխանակման կետերում փոխարժեքի գնման ու վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը ստանդարտ չափի մեջ է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է խանութներին, նա նշեց, որ շուրջ 94 խանութ դեկտեմբերի 16-17-ի դրությամբ փակ է եղել, չեն գործել, քանի որ սպասումներ ունեին: Այժմ այդ խանութները սկսել են նորից գործել: Գործող խանութներում եղել են դեպքեր, երբ ապրանքների վրա գները նշված չեն եղել, այժմ արդեն նշված են գները:
ՏՄՊՊՀ-ն նույնպես դիտարկումներ է անցկացրել մի շարք խոշոր խանութներում:
«Մամուլում նշվեց, թե այդ դիտարկումների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի շարունակվել են դիտարկումները, և ամսի 16-ի պիկից հետո այդ խանութներում կա կայունացում, նաև կայունացման միտում կա գազի և այլ ոլորտներում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ աշխատանքային խմբի պահանջով Կենտրոնական բանկը կներկայացնի որոշակի կարգավորումներ, որոնց շնորհիվ փոխարժեքի տատանումները փոքր կլինեն, իսկ ՏՄՊՊՀ-ն կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ոլորտում: