Այս գիշեր հայ հաքերները կոտրել են 360 թուրքական կայք և պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայ հաքերները այս գիշեր կոտրել են 360 թուրքական կայքեր և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և նշեց, որ այս տարվա ընթացքում հայ հաքերները մի քանի անգամ ևս կոտրել են թուրքական կայքեր, սակայն այս մեկը տարբերվում է իր մասշտաբով: «100 ամյակի շրջանակում է հաքերային հարձակումները թուրքական կայքերի վրա շատացել են, ինչը բնական է, օրինակ` անցած տարի այդքան շատ չէր»,- ասաց նա: Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ սովորաբար հաքերային հարձակումները լինում են կամ ըստ կայքերի որակի, կամ քանակի: Այս անգամ հայ հաքերները հիմքը դրել են քանակի վրա: «Կոտրած 360 կայքերը առանձնապես լուրջ չեն, չնայած շատ ուշադիր չեմ հասցրել ստուգել, բայց սա լուրջ քանակ է: Կարող եմ ասել, որ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության ընթացքում ամենաշատը հայ հաքերները կոտրել են 400 կայքեր, այսինքն՝ սա քանակով մեծամասշտաբներից մեկն է»,-ասաց նա: