Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը քաղաքացու բարեկեցությունն է, և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նպատակն է՝ աղքատության կրճատումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: «Համոզված եմ, որ 2015-2016 թվականներին մենք այդ խնդիրներին լուծում կտանք»,- կառավարությունում տեղի ունեցած տոնական ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ կառավարությունում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ ու դրա արդյունքում էլ հաղթահարվում են առկա լարվածություններն ու խնդիրները:
«2014 թվականը լի էր մարտահրավերներով, որոնք փորձեցինք հաղթահարել: Մենք ունենք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր ու փորձելու ենք լուծում տալ առկա խնդիրներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը չի շեղվելու իր ճանապարհից և ունի հնարավորություն, ուժ, փորձ, որպեսզի 2015-ին շարունակի ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծումը: