Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտադիր է պատժել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայած Վալերի Պերմյակովի հրամանատարությանը: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով «Կոմերսանտ»-ին:
Պարբերականի՝ ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարությունը մտադիր է խստորեն պատժել բոլորին, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն տեղի ունեցածի հետ:
«ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը, որտեղ ծառայել է Վալերի Պերմյակովը, ընդհուպ նրա հրամանատարների դեմ քրեական գործի հարուցումը»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Կասկածյալին` ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին, ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը: