Այս պահին Շիրակի մարզի դատախազության առջև հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ և պահանջում են, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած Վալերի Պերմյակովը դատապարտվի Հայաստանում:
Հավաքվածներին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն առաջարկում է 30 հոգանոց խմբերով դատախազության շենքի ներսում հանդիպել գլխավոր դատախազի հետ և քննարկում ունենալ: Հավաքվածները մերժում են այդ առաջարկը և բղավում են «դուրս արի » և մանրադրամներ են նետում շենքի ուղղությամբ:
Հավաքված քաղաքացիները որոշում են, որ որևէ մեկը դատախազի հետ քննարկման չի գնալու:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարում է. «Այստեղից որևէ մեկը որևէ տեղ չի գնա, քանի դեռ դատախազը չի իջել: Նա պետք է պատսախանի նաև մեկ այլ հարցի՝ արդյոք իր համար մեր պահանջն ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է և չգիտի դա իրականացնելու ձևը, մենք կօգնենք: Եթե չի ընդունում, ապա այլ հարց է բացվում: Մենք համբերատար ենք և կսպասենք նրան, եթե միայն հետևի դռնով նա չհեռանա»: