«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ և կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:
Ժողովրդի պահանջն արդար է և անսասան: Իրավիճակի առավել վատթարացումից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պարտավոր են շուտափույթ դիմել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին` սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցը լուծելու պահանջով:
Գործուն քայլեր չիրականացնելու պարագայում, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի և դրանից բխող ամենատարբեր ծայրահեղությունների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող իշխանությունը:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն15 հունվարի 2015թ.