Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստովանում է, որ մտածել են քաղաքում սգո օր հայտարարելու մասին, սակայն քաղաքապետարանը նման իրավասություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Բալասանյանը:
«Ճիշտն ասած, մտածեցինք, բայց սգո օր հայտարարելու իրավասություն չունենք: Մենք որեւէ մեկին այս հարցով չենք դիմել, բայց ցանկացել ենք, որ անպայման սգո օր լինի, պարզապես մենք նման որոշում կայացնելու իրավասություն չենք ունեցել: Դա պետք է որոշվեր Ազգային ժողովի կամ կառավարության կողմից»,- ասաց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ ինչ-որ մարդիկ դիմել են երկրի նախագահին այս հարցով, սակայն արդյունքների մասին ոչինչ չգիտի:
Հարցին, թե արդյո՞ք քաղաքապետը տեսնում է ռուսական ռազմաբազան Գյումրիից տեղափոխելու անհրաժեշտություն, բացասական պատասխան տվեց, նշելով, որ պետք չէ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Մենք ունենք դարավոր բարեկամություն: Այդուհանդերձ, ես նույնպես պահանջելու եմ, որ հանցագործը դատվի այստեղ»,- ասաց Սամվել Բալասանյանը: