Հարկ վճարողները կծանոթանան ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական եւ վարչարարարական նորամուծություններին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական եւ վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:
Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային եւ հարակից օրենսդրության փոփոխությունների եւ վարչարարության նորությունների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում ունկնդիրներին հնարավորություն է ընձեռնվելու ներկայացնել հուզող հարցերն ու առաջարկությունները: Առաջին հանդիպումը կմեկնարկի հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: