Թուրքիայի նոր կառավարությունը կկազմվի մինչև սեպտեմբերի 1-ը
ՄիջազգայինԹուրքիայի նոր կառավարությունը կկազմվի մինչև սեպտեմբերի 1-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Նա նշել է, որ նորմալ է համարում, եթե իրենք չլինեն նոր կառավարության կազմում: «Մենք վարչապետ Էրդողանի նախարարների կաբինետի մեջ էինք մտնում: Նրա գնալով, ըստ էության, պետք է գնանք նաև մենք: Դա ճիշտ կլինի քաղաքական էթիկայի տեսանկյունից: Կգա նոր վարչապետ, որը կներկայացնի նոր կառավարություն: Նա, իհարկե, անձամբ կընտրի այն մարդկանց, ում հետ կցանկանա աշխատել»,- ասել է Արընչը:
Օգոստոսի 28-ին տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Օգոստոսի 29-ին «Ադրարություն և զարգացում» կուսակցության արտակարգ նիստի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնապես կհայտարարվի որպես երկրի նոր վարչապետ և կուսակցության ղեկավար: