«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, տոնավաճառի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, տոնավաճառի վարձավճարները փետրվարի 1-ից բարձրացրել է, ինչն էլ առաջացրել է առևտրականների զայրութը:
Երեկ մի քանի հարյուր աշխատակիցներ օգնության խնդրանքով դիմել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Տոնավաճառի աշխատակիցները նախօրեին խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին` տրամադրելու իրենց տարածքներ, որտեղ կարող են իրենց գործունեությունը ծավալել: Ընդառաջելով առևտրականների խնդրանքին, Գագիկ Ծառուկյանն առաջարկեց տարբերակներ, որտեղ իրենք կարող են երկարաժամկետ և անվճար իրենց գործունեությունը ծավալել»,-իր խոսքում նշեց Իվետա Տոնոյանը:
Վերջինիս խոսքով` տոնավաճառի աշխատակիցներն այս պահին քննարկում են, թե իրենց հատկապես որտեղ է հարմար աշխատել: