«Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք»,-այս մասին այսօր լագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանը` խոսելով Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մասին:
Ըստ ոստիկանապետի` ձերբակալումից երկու ժամ առաջ իրենք տեղեկություն ունեցել են, որ հանցագործը գտնվել է հայ-թուրքական սահմանի մոտ:
«Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը եւ զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»-ասաց ոստիկանապետը:
Գյումրիի ոճրագործը մենա՞կ է եղել հարցին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Քննությունը պետք է պատասխանի, այդ ամենը դեռ երևակայություն է. ինչո՞ւ է կոշիկը այնտեղ մնացել, ինչո՞ւ է թողել այն մեկը, ինչո՞ւ է եկել, հասել, հազարավոր հարցեր կան: Մենք մեր ֆունկցիաները կատարում ենք, մնացածը նախաքննության ընթացքում հայտնի կդառնա»: