Հայաստանի վաստակավոր արտիստուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը Արցախում է, և երեկ՝ հունվարի 16-ին, Մարտակերտի ուղղությամբ մեկնել է առաջնագիծ ու նվերներ տարել սահմանապահ զինվորների համար:
Այս մասին հաղորդում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը: «Քիչ առաջ վերադարձանք առաջնագծից. ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ պատգամավոր, Մարտակերտի պատվավոր քաղաքացի Շուշան Պետրոսյանը, Մարտակերտի շրջանային հիվանդանոցի բժշկուհի Միլետա Հովհաննիսյանը, շրջկենտրոնի 2 դպրոցների տնօրեններ Մելսիդա Քարդումյանը եւ Լիդիա Պետրոսյանը, «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության Մարտակերտի մասնաճյուղի ղեկավար Արսեն Պետրոսյանը ուղեկցող խմբի հետ եղան առաջնագծում:
Նրանք իրենց հետ տարել էին քաղցրավենիք եւ այլ սննդամթերք: Դպրոցների աշակերտները նամակ էին գրել զինվորներին, նաեւ իրենք էին արկղիկներ պատրաստել զինվորների համար եւ ուղարկել... Մեր հրաշք տղաները շատ հզոր են եւ միշտ զգոն»,-ասված է թերթի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ: