Գյումրիի սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է և ցանկացած տեղափոխություն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոքրիկին բուժող բժիշկ Սարգիս Դալլաքյանը:
«Նույնիսկ երեխային Գյումրիից Երևան տեղափոխումը վտանգավոր է եղել և այդ ճանապարհին կարող էինք մի քանի անգամ կորցնել նրան: Նա տեղափոխության ենթակա չէ, նրան նույնիսկ առաջին հարկ իջեցնելն ու ապարատից անջատելը կարող է վտանգավոր լինել», – ընդգծեց նա:
Սարգիս Դալլաքյանը նշեց, որ առաջին հերթին պետք է կարգավորել սիրտ-անոթային աշխատանքը, արյան անբավարարությունը և երիկամները:
«Այս երեխան լրջագույն խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգերի հետ: Կանխատեսումներ անել հնարավոր չէ», – հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը պատրաստակամություն էր հայտնել օդանավ ուղարկել և Սերյոժային հետագա բուժման նպատակով տեղափոխել Ռուսաստան: