«Թուրքիայում ապրիլի 24-ին նման միջոցառում կազմակերպելը մարտահրավեր է այն իմաստով, որ աշխարհի շատ պետություններ են հրավեր ստացել եւ ընտրություն կատարելու առջեւ են ՝ ապրիլի 24-ին Երեւա՞ն, թե՞ Թուրքիա մեկնեն: Այդ պետությունների ղեկավարների որոշումների վրա ազդեցություն է թողնելու նրանց վերաբերմունքը Երեւանի ու Թուրքիայի նկատմամբ: Աշխարհի վերաբերմունքն Էրդողանի նկատմամբ հիմնականում բացասական է, բայց Հայաստանի նկատմամբ էլ շատ դրական չէ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով Թուրքիայում ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների մասին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված այդ միջոցառմանը մասնակցելու հրավերին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ Թուրքիայի նախագահի հրավերն ավելի շատ մարտահրավեր էր և կարիք չկար, որ մեր նախագահն այդքան մանրամասն դրան պատասխաներ. «Մեր նախագահը փաստորեն բանի տեղ է դնում մի երկրի նախագահի, որն իրեն բանի տեղ չդրեց: Նա պետք է կարճ պատասխաներ: Այլ հարց է, եթե նա այդպես մանրամասն հոդված գրեր, ասենք, The New York Times-ի համար, որը հաստատ կտպագրեր այն և դա կլիներ հենց հոդված, այլ ոչ պատասխան Էրդողանին. դրանք տարբեր կարգավիճակ ունեցող տեքստեր կլինեին»:
Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահն անպատասխան էր թողել Հայոց ցեղասպանության տարելիցին Հայաստան գալու Սերժ Սարգսյանի հրավերը: