Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի և անաչառ համատեղ հետաքննության հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը նա հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Գյումրիում հայ ընտանիքի սպանության կապակցությամբ Բորդյուժան ցավակություն է հայտնել զոհվածների ազգականներին ու մերձավորներին և ամբողջ հայ ժողովրդին:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հարցերը՝ «ռազմական համագործակցության առումով, ինչպես նաև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի իրադրությունը՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող գնդակոծումների պատճառով իրադրության շարունակվող սրման կապակցությամբ»: Ընդգծվել է լարվածությունը թուլաց նելու անհրաժեշտությունը և հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: