Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները պայմանավորվել են համատեղ հետաքննել Գյումրիի ողբերգությունը: Այս մասին TASS-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում:
«Կոորդինացնելով քննչական խմբերի աշխատանքը՝ Ալեքսանդր Բաստրիկինն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են իրականացնել քրեական գործի համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը Երևան է ժամանել երեկ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով: