ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների՝ Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած և հունվարի 19-ին Երևանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո:
Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ' Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն' ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:
Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին' ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին' «Շիրակ» գերեզմանատանը: