ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վերջակետ դրեց խոսակցություններին, թե ինչու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի հարազատներին չէին թույլատրում մտնել հիվանդասենյակ, իսկ ռուս լրագրողները մուտք էին գործում: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հիվանդասենյակը գտնվել է մշտական վերահսկողության ներքո, և ռուս լրագրողները նույնպես երեխային նկարահանել են ապակու ետևից: «Այն ուշադրությունը, որին արժանացել էր այդ երեխան, միանշանակ պարզ և բացատրելի էր: Ներհիվանդանոցային այցելությունները գտնվում էին խիստ վերահսկողության ներքո և ես այսօր զավեշտալի եմ համարում այդ հարցը: Մեր ամբողջ պայքարն ուղղված էր երեխայի կյանքը փրկելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ իրենց պայքարը նաև լրատվամիջոցների հետ այն էր, որ մեկ աղբյուրից օգտվեն ռեպորտաժները պատրաստելիս ու մշտապես չհերթապահեն հիվանդասենյակի մուտքի մոտ, չփորձեն տեսախցիկներով մուտք գործել սենյակ: