Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում ձերբակալել են ռուս հայտնի ռեփեր Թիմաթիին։ Նա Լոս Անջելեսի բլուրների վրա առկա «Հոլիվուդ» տառերի վրա ռուսական դրոշն է ծածանել, ինչի արդյունքում հայտնվել է ոստիկանությունում։
Instagram-ում Թիմաթին մի կարճ հոլովակ է տեղադրել, որի սկզբում ռեփերը ռուսական դրոշն է ցուցադրում, իսկ վերջին տեսարանում երեւում են «Հոլիվուդ» տառերը։
«Տառերին հասնելուց եւ դրոշը ծածանելուց 20 րոպե առաջ եւ մեզ ձերբակալեցին)))»,-գրել է Թիմաթին։
SUPER-ին տված հարցազրույցի ժամանակ Թիմաթիին պատմել է իր «արկածների» մասին։
«Իրականում խնդիրը դրոշը չէր։ «Հոլիվուդ» տառերով այդ տեղանքը փակ է եւ այնտեղ հասնելն անհնար է։ Այն փակել են գրաֆիտիով զբաղվող մարդկանց պատճառով, ովքեր մշտապես փչացնում են տառերը։ Ես պարզապես ցանկանում էի Մոսկվայից ողջուներ փոխանցել Հոլիվուդին եւ օրը ցերեկով բարձրացա Օ տառի վրա եւ դրոշը ծածանելով լուսանկարներ եւ հոլովակ նկարահանեցի։ Սակայն հետո ոստիկանները ինձ ձերբակալեցին եւ 500 դոլար տուգանեցին։ Ասացին՝ շատ լավ է, որ քո երկիրը սիրում ես, բայց սա փակ տարածք է։ Ցույց տուր քո ID-ին եւ մուծիր տուգանքը։ Բացի այդ, ստիպեցին ջնջել բոլոր նյութերը, որոնք ես նկարահանել էի տառի վրա։
-Ինչու՞ եք ճամփորդում ռուսական դրոշով։
- Ռուս տղան առանց դրոշի ոչ մի տեղ չի գնում։
-Ինչպե՞ս եք վերաբերում ԶԼՄների արձագանքին եւ տարածված լուրերին։
- Ես ընդհանրապես նման իրարանցում չէի ակնկալում, պարզապես ցանկանում էի մի քանի հոլովակ նկարահանել։