Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարությունը բարձրացրել է արտասահմանում տեղակայված զորամասերում ու միավորումներում ծառայող թեկնածուների նկատմամբ պահանջները: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով TASS-ին:
«Նրանց համար խստացվել է կրթական ցենզը՝ հիմա արտասահմանում կարող են ծառայել այն թեկնածուները, որոնք ունեն լիարժեք միջնակարգից ոչ պակաս կրթություն, առաջնահերթությունը տրվելու է բարձրագույն ու միջին մասնագիտական հատուկ ուսումնական հաստատությունների դիպլոմներ ունեցողներին»,- գործակալությանը հայտնել է Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը:
Նրա խոսքով՝ ավելացվել են պահանջները զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ, առավել շատ ուշադրություն է հատկացվելու պրոֆեսիոնալ հոգեբանական թեսթերի արդյունքներին:
«Արտասահմանում հիմա չեն կարողանա ծառայել վարկերի, հարկային վճարումների, ալիմենտների պարտքեր ունեցողները: Ի հավելումն դրան՝ անձնական գործի կազմման համար անհրաժեշտ է ավելացնել հավելյալ հարցումներ իրավապահ մարմիններում»,- ավելացրել է Ռոշչուպկինը:
Կենտրոնական ռազմական շրջանի միավորումներն ու զորամասերը, որոնք տեղակայված են արտասահմանում, այսուհետ կհամալրվեն բացառապես պայմանագրային զինծառայողներով: Ռոշչուպկինի խոսքով՝ ազատ պաշտոնների մրցույթը հասնում է մեկ տեղի համար 4 հոգու, իսկ թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը հասնում է 1 տեղի համար 4 մարդու: