ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Շենգավիթում ահասարսուռ սպանության մանրամասները: Ոստիկանները պարզել են, որ հայրը կացնով սպանել է որդուն, թաքցրել հորում եւ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն տվել, թե իր որդին անհետացել է: Ոստիկանության ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու' 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել է անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում' հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը' գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով»:
Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը' 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով' դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: