Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երևանի Կոմիտասի անվան պետական պանթեոն և մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում' Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում:
«Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով և վառվել անմնացորդ' հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի' հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- գրել է Բակո Սահակյանը: