Ջորջ Ռ.Ռ. Մարտինը, որը «Սառույցի և կրակի երգը» շարքի հեղինակն է, Տեխասի A&M համալսարանին կնվիրի իր հավաքածուում գտնվող «Հոբբիթ»-ի առաջին հրատարակությունը,- հայտնում է Orer.am-ը: Այս մասին հաղորդում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքը:Ջորջ Ռոլանդ Ռոուել Տոլկինի գրքի այս տարբերակը զգալիորեն տարբերվում է ուշ շրջանի հրատարակությունից, որը խմբագրվել է այնպես, որ պատմությունը հնարավորինս համապատասխանի «Մատանիների տիրակալը» գրքի սյուժեին:Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 27-ին` տեղական ժամանակով առավոտյան 11:00-ին, Rudder Auditorium լսարանում:Մուտքն ազատ է ինչպես համալսարանի ուսանողների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար: Մարտինը կկարդա հատվածներ «Հոբբիթ»-ից և կպատասխանի ներկաների հարցերին:Հիշեցնենք, որ «Հոբբիթ» հեքիաթ-վիպակը առաջին անգամ հրատարակվել է 1937-ին: Տոլկինը, որն այս պատմությունը շարադրել է իր երեխաների համար, չէր պլանավորել հրատարակել այն: Սակայն, չավարտված ձեռագիրն ընկնում է Allen & Unwin հրատարակչության խմբագիր Սյուզան Դանգելի ձեռքը և վերջինս համառորեն պնդում է , որ գրողն ավարտի իր աշխատանքը:Ռազմիկ Մարտիրոսյան