Ազգային ժողվում կառավարության ղեկավարի հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումից հետո, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց.
«Այն, ինչ անում է կառավարությունը՝ մինչև հուլիսի 1-ը կասեցնել օրենքի գործողությունը, ընդամենը ժամանակ է ձգում և որևէ կերպ չի կարգավորում խնդիրը։ Ուստի այսօր՝ քննարկման ժամանակ, մենք առաջարկեցինք, որ շատ կարճ ժամկետում, այն է՝ մինչև հաջորդ քառօրյա, 4 քաղաքական ուժերի պատրաստած նախագիծը դրվի քննարկման»:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկել էլ են փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ, և հիմնական մեխը կամավորության սկզբունքն է. «Բնականաբար, մենք մեր սկզբունքները չենք զիջելու, և մեր մոտեցումներն այս երկշաբաթյա քննարկման արդյունքում հենված են լինելու բացառապես այդ սկզբունքների վրա։ Կգանք կոմպրոմիսի՝ շատ լավ, չենք գա կոմպրոմիսի՝ հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը մեր հիմնավորումներով մնում է ուժի մեջ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: