Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ դեղագործների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողներին ասել է, որ մեր դեղերի շուկային ոչինչ չի սպառնում,- հայտնում է Orer.am-ը:
Բանախոսը նշել է, որ ԵՏՄ-ին միանալու հետ կապված դեղերի շուկայի ոլորտում կլինեն որոշակի փոփոխություններ, բայց ամբողջ տարին աշխատանքներ են տարվելու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ՝ փորձելով կանոնակարգել այդ ամենը:
Ս. Զաքարյանը հայտնեց, որ ի տարբերություն այլ ապրանքատեսակների՝ դեղագործության կանոնակարգումը հետաձգված է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի դեղագործական շուկան ավելի մոտ է միջազգային չափանիշներին, քան ԵՏՄ մյուս երեք երկրներինը:
Սամվել Զաքարյանը ոլորտի զարգացման համար արդյունավետ է գնահատում 2014 թվականը. արձանագրվել է 29 տոկոս աճ: Ըստ նրա՝ այս տարի կան նորամուծություններ և նոր խնդիրներ, բայց դա չի խանգարի աճի կայուն տեմպերին:
Զաքարյանը խոսեց նաև դեղերի շուկայի թանկացումների մասին: Նրա համոզմամբ՝ այսօր դեղերի 90 տոկոսը ներմուծվմում է դրսից: Այդ է պատճառը, որ դոլարի տատանումները էական նշանակություն ունեցան գների վրա:
Լևոն Փանոսյան