Այսօր Ազգային ժողովը շարունակեց հերթական աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց նախորդ օրը քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով հայտարարեց, թե օրենքը հակասահմանադրական է, քանի որ, չլինելով խորհրդարանական երկիր՝ ՀՀ-ն իրավունք չունի նման օրենք ընդունելու:
«Օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է, այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Կարծում եմ՝ օրենքի հակասահմանադրականությունը կարող է որոշել միայն ՍԴ-ն, ուստի հորդորում եմ պարոն Ջհանգիրյանին դիմել ՍԴ»:
Դաշնակցական պատգամավորի հետ համամիտ էր նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության, այն ընդունվեց 78 կողմ, 18 դեմ և 20 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Օրենքի նախագիծը մշակել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Արծվիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Սուքիաս Ավետիսյանը և Մհեր Շահգելդյանը: