Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի մասնակցելու ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Զուրաբյանն ընդգծեց, որ այդ մասին ՀԱԿ-ն արդեն պարզաբանում տվել է, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի: «Ես դրան ավելացնելու բան չունեմ, մենք եռակողմ ֆորմատով կհանդիպենք և բոլոր որոշումները՝ շարժման հետագա ծավալման, անելիքների ու հանրահավաքների մասին կխոսենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զուրաբյանը:
Հարցին, թե սպասելիքներ ունի ԲՀԿ առաջնորդի հրավիրած խորհրդաժողովից, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ սպասելիքներ ունի եռակողմ հանդիպումներից:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին: Խորհրդաժողովը պետք է կայանար հունվարի 20-ին, սակայն Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությամբ պայմանավորված' այն հետաձգվեց: ՀԱԿ-ը նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցելու խորհրդաժողովին: