ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ և Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարևորել է «Երկրապահ կամավորականների միության» անդամների պարբերական այցելություններն Արցախ և սահմանգիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջև ամուր կապերի պահպանմանը և զինվորական ավանդույթների ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը: