Հարկային վարչարարության առումով մեր պետությունը սխալ ճանապարհին է. Միքայել Մելքումյան
ՏնտեսությունԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել, որ 2015 թվականի առաջին ամսվա նախնական տնտեսական պատկերը գոհացուցիչ լինել չի կարող,- տեղեկացնում է Orer.am-ը: Ըստ նրա՝ առևտրականների վերջին օրերի ընդվզումը ցույց է տալիս, որ հարկային վարչարարության առումով մեր պետությունը սխալ ճանապարհին է: «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցումը պարոն Մելքումյանը համարեց դրական՝ արձանագրելով, որ հասարակությունը կարող է որոշակի հարցեր լուծել, թեկուզ դա լինի հատվածական: «Ես այս հարցը չեմ քաղաքականացնում: Ուղղակի մարդիկ զգացին, որ իրենց` տարիներով ստեղծած աշխատանքը կորցնում են»,-շեշտեց Մելքումյանը: ԲՀԿ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երեկ ԱԺ նախագահի մոտ եղել է քննարկում: Խորհրդարանական ուժերը օրենսդրի մյուս քառօրյային պետք է ներկայացնեն ՓՄՁ-ների հետ կապված իրենց հստակ առաջարկները: Բանախոսն ասաց, որ իսկապես բոլոր ուժերը զգում են հարցի հրատապությունը, սակայն լուծման շուրջ մոտեցումները տարբեր են: Պատգամավորն առաջարկում է մեղմացնել ստուգումները, կամ առհասարակ բացառել դրանք: Նրա խոսքով՝ մենք ունենք ուժեղ հարկային համակարգ, բայց հարկայինի ամեն այցը դիսկոմֆորտ է առաջացնում ՓՄՁ-ի համար:
Լևոն Փանոսյան