Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, մշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի՝ օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նախագծով ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն կվերահաշվարկվի:
«Հունվարի 9-ին լրացավ ՀՀ առաջին նախագահի 70 տարին: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ օրենքում որոշ փոփոխությունների անհրաժեշություն կա: Գործող օրենսդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջարկում է նաև հանել ժամկետը»,- կառավարության նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ, օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ նախագահի ու վարչապետի հանձնարակականով:
Կառավարությունն օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով: