Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերն առաջիկա օրերին կներկայացնեն նոր նախագիծ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը.
«Ես պետք է մի դրական փաստ արձանագրեմ, որ Ազգային ժողովի 5 ոչ իշխանական խմբակցությունների աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հանդիպում կազմակերպել գործադիրի ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի հետ: Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք մինչև հաջորդ քառօրյա խորհրդարանի քննարկմանը ներկայացնել շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նոր նախագիծ: Եվ մենք առաջիկայում կներկայացնենք նոր օրենքի նախագիծ, որում ներկայացված կլինեն մեր քաղաքացիների շահերը»,- նշեց Հակոբյանը: