Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը աղջիկ են ունենալու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է OK-ն՝ հղում անելով թագավորական ընտանիքի շրջապատի աղբյուրներին: Նշվում է, որ երեխայի սեռը հայտնի է դարձել հղիության 21-րդ շաբաթում անցկացված ուլտրաձայնային հետազոտությունից հետո:
Հրատարակության աղբյուրը պատմել է, որ իրենց ապագա դստեր անունն ընտրելիս զույգը տատանվում էր ավանդական Եղիսաբեթի և Մերիի միջև, սակայն, ի վերջո, Ուիլյամը և Քեյթը որոշել են նրան անվանակոչել ի պատիվ տատիկի՝ արքայադուստր Դիանայի:
Նշվում է, որ անունն ընտրելիս նախաձեռնողը եղել է Քեյթ Միդլթոնը: Նա այն կարծիքին է, որ Դիանայի բարեսիրական գործունեությունը արժանի է այն բանին, որ նրա անունը շարունակի ապրել:
Աղբյուրի խոսքով՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որն անցյալում բարդ հարաբերություններ է ունեցել Դիանայի հետ, դեմ չի եղել թոռան որոշմանը, նշելով, որ արքայադուստրը լավ մայր է եղել:
2014 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային են սպասում: Նա պետք է ծնվի այս տարվա ապրիլին: Զույգի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, որը ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին, երրորդն է դարձել թագավորական գահի ժառանգման հերթում և ստացել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին Քեմբրիջի արքայազնի տիտղոսը: