Այսօր լրագրողներին է հանդիպել ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Բանախոսը նշում է, որ եթե նախկինում ինչ-որ իրադարձությունից առաջ էին ադրբեջանցիները դիմում սահմանային սադրանքների, ապա այսօր միկրոպատերազմի նման մի բան է կատարվում:
Ըստ Ասատրյանի՝ լարվածության հրահրման մեջ իրենց դերն ունեն նաև Ադրբեջանի ներքին խնդիրները: Նա նշում է, որ կան երևույթներ, որոնք արտաքուստ չեն երևում, բայց մեծ անհանգստություն են պատճառում Ադրբեջանի իշխող վարչակազմին: Այդ խնդիրներից պարոն Ասատրյանը մատնանշում է նավթի գների անկումը:
Ադրբեջանագետը կարևորում է նաև ազգային փոքրամասնությունների հարցը:
«Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու փորձերը, կրակոցները, դիվերսիաներն ադրբեջանական հասարակությանը գոնե մեկ գաղափարի շուրջ համախմբելու, ստեղծված իրավիճակից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում: Հակված եմ մտածելու, որ այս ակտիվությունն, այնուամենայնիվ, չի բերի պատերազմի, որովհետև Ադրբեջանում կան նաև այլ երկրների շահեր: Ի վերջո, պատերազմը պահանջում է մեծ ռեսուրսներ, վտանգի տակ է դնում տարածաշրջանային ենթակառուցվածքները: Պատերազմն այսօր ձեռնտու չէ նաև Ադրբեջանի իշխող վարչակարգին»,- հավելել է Սարգիս Ասատրյանը:
Լևոն Փանոսյան