Այս պահին Հանրապետության հրապարակում և կառավարության շենքի առջև հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով ներկայացնել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» հասարակական շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի մանրամասները:
Բողոքի ակցիային, որի կարգախոսն է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք», միացել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը:
Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը նշեց, որ պետք է դատապարտել այս երևույթը, մինչև վերջ պահանջել բացահայտել. «Սա արդեն դարձել է աշխատելաոճ, միջոց՝ մարդկանց լռեցնելու, այնպես որ, դրա դեմ պետք է ազգովի ընդվզել և պահանջել հնարավորինս շուտ բացահայտել»:
Վարդան Օսկանյանը հորդորեց մի կողմ թողնել կուսակցական խնդիրները. «Սա արդեն պատերազմ է՝ հայտարարված ժողովրդի դեմ»,- նշեց պատգամավորը: