Հայ արտադրողների մոտ աշխուժություն է ռուսական շուկա դուրս գալու ուղղությամբ
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համոզված է, որ հայ արտադրողները կարող են օգտվել ռուսական շուկայում որոշ ապրանքների մասով ստեղծված բացից ու իրենց արտադրանքն արտահանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց փոխնախարարը:
«Լայն ծավալով կարող ենք գյուղմթերքի վերամշակման ապրանքներ արտահանել' պահածոներ, հանքային ջուր, սովորական ջուր, թարմ միրգ-բանջարեղեն: Այսինքն' այն ամբողջ ապրանքատեսականին, որի բացը զգացվելու է Ռուսաստանում: Կաթնամթերքի, այդ թվում' պանրի, մսամթերքի արտադրություն. բոլոր այդ ուղղություններով մենք ունենք բարձրորակ արտադրանք, որը կարող է օգտագործվել այնտեղի շուկայում»,-ասաց Տիգրան Հարությունյանը:
Իսկ հարցին ի պատասխան, թե արդյոք կա որոշակի տեղաշարժ' փոխնախարարն ասաց, որ այս պահին որոշակի աշխուժություն կա հայ արտադրողների շրջանում:
Օգոստոսի սկզբներին ՌԴ իշխանությունները արգելք են դրել եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալական մի շարք ապրանքնատեսակների ներկրման վրա: ՌԴ նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի 560 հրամանագրով արգելվել է հինգ խմբի ապրանքների ներկրումը, այդ թվում' մսեղենը, ձկնեղենը, կաթնամթերքը, բանջարեղենն ու միրգը: