Այսօր լրագրողների հետ հանդիպել են ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները, որոնք վերջին շաբաթներին ակտիվորեն մասնակցում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ցույցերին,- տեղեկացնում է Orer.am-ը:
Խոսելով փետրվարի 7-ին ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի ենթարկելու փաստերի մասին՝ ձեռներեցները նշում են, որ իրենք վախեցած չեն այդ դեպքից:
«Մենք վախեցողը չենք: Ժողովրդի 90 տոկոսը զբաղվում է առևտրով, 90 տոկոսին էլ պետք է ծեծե՞ն»,- նշում է «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ-ի նախագահ Գագիկ Դանիելյանը:
ՓՄՁ միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ «Շրջանառության հարկի մասին» օրենքի մեջ չի տեսնում ոչ մի տրամաբանություն: Նա դիմում է պետությանը.
«Հարգելի պետություն, դուք ասում եք, որ երկիրը աղքատ է, բայց խանգարում եք մարդկանց, ովքեր այս երկրում աշխատանք ունեն և հարկ են վճարում»:
ՓՄՁ ներկայացուցիչները հավաստիացնում են, որ պատրաստ են գնալ մինչև վերջ, բայց ցանկանում են խնդրի լուծումը տեսնել կառուցողական դաշտում:
Լևոն Փանոսյան